Հանրագիտարան

Ագաթա Քրիստի

Անգլիական փոքրիկ Թորկե քաղաքում 1890 թվականի սեպտեմբերի 15-ին ծնվել է Մերի Կլարիս Ագաթա Մելերը՝ անգլիական դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին: Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը, եղբայրը՝ Մոնտին: Սկսել է գրել՝ քրոջն ընդօրինակելով: Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ: Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ: Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին:

Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր: Կիպրոսում Ագաթան դուրս է գալիս հասարակություն: Նա կրթված էր, գեղեցկատես, բայց, ցավոք, ուներ լեզվական արատ:

Երեկոներից մեկի ժամանակ Մերի Կլարիսը ծանոթանում է Թագավորական Օդային զինամիավորման օդաչու երիտասարդ Արչիբալդ Քրիստիի հետ: Քրիստին հարուստ չէր: Ռոմանտիկ Ագաթան սիրահարվում է օդաչուին:
 
Կիպրոսում այդ ժամանակ պատերազմ էր: Արչիբալդը ծառայում էր բանակում և շքանշաններ ստանում, իսկ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, այնտեղ էլ ծանոթանում է բելգիացի փախստականների հետ:
 
Ամենայն հավանականությամբ հենց այս հանդիպումներն են դարձել հանարահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոյի կերպարի ստեղծման շարժառիթը: Հոսպիտալից հետո նա աշխատում էր դեղատանը: Այնտեղ նա ուսումնասիրում էր դեղերի պատրաստումը և թույների ստացման եղանակները: Հետագայում այդ իմացությունն օգտագործում է իր վեպերում:
 
Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ: Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով: 1958 թվականից սկսած՝ նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը:
 
Որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին: Նա ավելի կարևորում էր իր գիտական նախասիրությունները և ամուսնու գործի նկատմամբ իր հետաքրքրությունը: Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր: Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում:
 
Մահացել է 1976 թվականին 85 տարեկան հասակում: Երկու տարի անց մահանում է նրա սիրելի ամուսինը: Հարազատները ծանր են տարել Կլարիսի մահը և միշտ հիշել են նրա խոսքերը. «Մահն ամենամեծ արկածն է, որ կարող է պատահել մարդու հետ: Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, ինձ շնորհած լավ կյանքի և սիրո համար»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: